Շանթ Հարությունյանը հացադուլ է սկսել երեկվանից՝ հունիսի 12-ից, ժամը 18.30-ից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նա նշեց, որ մինչ հացադուլը Շանթ Հարությունյանը դիմում է գրել տեղաբաշխման հանձնաժողովին՝ խնդրելով իրեն տեղափոխել առանձին խուց՝ հետագա պատիժը կրելու համար: «Տեղաբաշխման հանձնաժողովը որոշել էր, որ Շանթ Հարությունյանը պատիժը կրի կիսաբաց ռեժիմով, ինչը ենթադրում է հանրակացարանային պայմաններ: Նա դիմում է գրել տեղաբաշխման հանձնաժողովին եւ ցանկանում է պատիժը կրել խցային պայմաններում»,-ասաց նա: Գոռ Ղլեչյանն ասաց, որ օրերս կայանալիք առաջիկա նիստում Տեղաբաշխման հանձնաժողովը կքննարկի նրա դիմումը եւ որոշում կկայացնի: Հանրային կապերի բաժնի պետն ասաց, որ դատապարտյալի առողջական վիճակը նորմալ է:
Նշենք, որ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր հետեւյալը. «Հունիսի 8-ից, հայրս քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, «Վարդաշեն» ՔԿՀ- ում սկսել է անժամկետ հացադուլ, այն պահանջով, որ իրեն տեղափոխեն առանձին խուց։ Այս հինգ օրերի ընթացքում, նրա հացադուլի մասին չի բարձրաձայնվել, քանի որ նա պայմանավորվածություն է ունեցել, որ մինչեւ ուրբաթ կկատարեն իր պահանջը։ Բայց հայրս չի դադարեցրել իր հացադուլը։ Ուրբաթ օրը, հունիսի 12-ին, նրա պահանջը չկատարվելով եւ հորս դիմումի համաձայն, տեղափոխվել է հատուկ հացադուլավորների համար նախատեսված խուց։ Հայրս կշարունակի իր հացադուլը մինչեւ իր պահանջի կատարումը»:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2014թ-ի հոկտեմբերի 17-ին Շանթ Հարությունյանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։ Այս տարվա փետրվարին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի որոշումը: Վճռաբեկը բողոքը վարույթ չէր ընդունել:





























