Սեյրան Օհանյանի դատախազություն դիմելը եւ սուտ մատնություն հատկանիշներով գործ հարուցելու պահանջը պետք է առիթ դառնա այդ հոդվածում ձեւակերպումները հստակացնելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:
Նա նշեց, որ դեռ տարիներ առաջ փորձել են լրատվամիջոցի հրապարակման վերաբերյալ սուտ մատնության հոդվածով գործ հարուցել, բարեբախտաբար, այդ ամենն անհետեւանք է մնացել: «Սուտ մատնություն հոդվածի ձեւակերպումը նման է զրպարտության բնութագրին, բայց եթե առաջինը մնացել է Քրեական օրենսգրքում, ապա երկրորդը ապաքրեականացվել է: Պետք է սուտ մատնություն հոդվածում ձեւակերպումները հստակեցնել, որպեսզի շփոթություն չլինի, այդ հոդվածը վերաձեւակերպման անհրաժեշտություն ունի»,-ասաց Բորիս Նավասարդյանը:
Երեւանի մամուլի ակումբի ղեկավարը շեշտեց, որ սուտ մատնություն կարող է ընկալվել այնպիսի տեղեկությունների հաղորդումը, որոնք հասցեագրված են իրավապահ մարմիններին, այդ հոդվածի տակ հրապարակում չի կարող մտնել, քանի որ լրատվամիջոցների նյութերը ոչ թե մատնելու, այլ հանրությանը որոշակի տեղեկություններ ներկայացնելու նպատակ են հետապնդում՝ անկախ նրանից՝ կեղծ են դրանք, թե համապատասխանում են իրականությանը: Նրա կարծիքով՝ նման դեպքերը զուտ քաղաքացիաիրավական կարգավորման տիրույթում են: Բորիս Նավասարդյանը մտահոգություն հայտնեց, որ Սեյրան Օհանյանի դեպքը կարող է նախադեպային դառնալ լրագրողներին եւ լրատվամիջոցներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում, մինչդեռ կարելի է այս առիթը օգտագործել եւ հստակեցնել օրենսդրությունը:
Ինչ կլինի այս դեպքում՝ գործ կհարուցեն լրատվամիջոցի դեմ, թե ոչ, Երեւանի մամուլի ակումբի ղեկավարն ասաց, որ լուծումը կախված կլինի հանրային արձագանքից: Բորիս Նավասարդյանը նշեց, որ Հայաստանում հանրային արձագանքը մեծ նշանակություն ունի, պետք է եւ փորձագետները եւ լրատվամիջոցները այս դեպքը տանեն կոնստրուտիվ դաշտ, սուտ մատնություն հոդվածը վերաձեւակերպվի, հստակություն մտցվի, որպեսզի շփոթություն չառաջանա զրպարտության հետ:
Ավելի վաղ դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ պաշտպանության նախարարին, նրա ընտանիքին, ՀՀ պաշտպանության նախարարության համակարգը վարկաբեկող, ինչպես նաև որոշ հանցագործությունների համար մեղադրանք պարունակող հրապարակումներում նշված դեպքերի իսկությունը ստուգելու և համապատասխան իրավական գործընթաց ձեռնարկելու միջնորդությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից 27.05.2015թ. ՀՀ գլխավոր դատախազին դիմելուց հետո, նկատի ունենալով, որ վերոնշյալ նյութերում առկա է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվություն, մասնավորապես ՀՀ պաշտպանության նախարարի տիկնոջ՝ Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանի Հովհաննես Հայրապետյանի` մահվան ելքով վթարին մասնակցության վերաբերյալ, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից վերոնշյալ նյութերն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն՝ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան ընթացքը լուծելու համար:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաստատվել է, որ Հովհաննես Հայրապետյանի մահվան ելքով 12.06.2002թ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 25.04.2003թ. դատավճռով Աննա Հայկի Խաչատրյանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամանակով: Հետևաբար, նշված դեպքին Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանի մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործը պահանջվել է ուսումնասիրելու համար:
Նկատի ունենալով, որ «Հայկական ժամ» ինտերնետային լրատվական կայքում հրապարակված հոդվածները սուտ տեղեկություններ են պարունակում վերոհիշյալ վթարը Ռուզաննա Խաչատրյանի կողմից կատարված լինելու մասին, քննարկվում է սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցելու հարցը:





























