10 օր առաջ ավտովթարի հետեւանքով վիրավորված՝ տաքսու ուղեւորուհի, 33-ամյա Արմինե Ալեքյանի վիճակը դեռ ծայրահեղ ծանր է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը:

Նա հայտնեց, որ վիճակի մեջ էական տեղաշարժ չկա, վնասվածքները բավականին լուրջ են:

«10 օր է՝ պայքարում ենք հիվանդի կյանքի համար: Վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Նշենք, որ Արմինե Ալեքյանի մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, թոքերի սալջարդ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2015թ. հունիսի 2-ին ողբերգական վթար էր տեղի ունեցել Երեւանի Աթոյան եւ Ռոստովյան փողոցների խաչմերուկում: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 23US344 համարանիշի եւ «Հույսի քարավան» տաքսի ծառայության պատկանող «Ռենո» մակնիշի L 3121 համարանիշի ավտոմեքենաները, ապա վերջինս բախվել է սյանը:  Վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել երկու մեքենաների վարորդներն ու տաքսու երկու ուղեւորները: Հիվանդանոցում ուղեւորներից 47-ամյա Սուսաննա Խաչատրյանը մահացել էր:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 242 հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով: Կատարվում է քննություն: