Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի ջրանցքում այսօր՝ հունիսի 13-ին, մահացած հայտնաբերված 81-ամյա կինը բնակվում էր որդու ընտանիքի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը:

Նա հայտնեց, որ այս պահին հայտնի չէ, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել՝ նշելով, որ իրենց մոտ ամեն տարի նմանատիպ դժբախտ դեպք գրանցվում է:

Նշենք, որ ջրանցքը ձգվում է 20 կմ եւ որեւէ քայլ չի ձեռնարկվում այն առավել անվտանգ դարձնելու համար:

Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հունիսի 13-ին ժամը 11:00-ի սահմաններում Արագածավան գյուղի տարածքով անցնող ջրանցքում հայտնաբերվել է կնոջ դի: Պարզվել է, որ Արագածավան գյուղի Նալբանդյան փողոցի թիվ 5 տան բակով անցնող ջրատարում հայտնաբերվել է նույն տան բնակիչ՝ 1934թ. ծնված Ռ. Ա.-ի դին: