Սխալ է նման ձեւով սահմանադրական բարեփոխումներ անելը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով սահմանադրակա բարեփոխումներին:
Նա, մասնավորապես, դեմ է սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու մեխանիզմին, երբ մեկ մարդուն մեկ ձայն է տրվում: «Օրինակ՝ ես ուզում եմ, որ այսինչ փոփոխությունը տեղի ունենա, բայց դեմ եմ մեկ այլ փոփոխության: Այդ երկու փոփոխություններն իրար հետ կապ չունեն, օրինակ` մեկը վերաբերում է խորհրդարանական մոդելի անցնելուն, իսկ մյուսը` երդվյալ ատենակալների դատարանին: Ստացվում է, որ քաղաքացին, ով այդ փոփոխություններից մեկին դեմ է, իսկ մյուսին` կողմ, ստիպված է լինելու իր կամքին հակառակ քվեարկություն կատարել: Երկու դեպքում էլ մի մասով իր խղճին հակառակ է քվեարկելու»,-նկատեց փաստաբանը:
Մյուս խնդիրը, որի վրա ուշադրություն հրավիրեց Հայկ Ալումյանը, դատական իշխանության՝ ժողովրդի կողմից ձեւավորումն է: «Դատական իշխանությունը հանդիսանում է երեք իշխանական ճյուղերից մեկը, ոչ ոք դա կասկածի տակ չի դնում աշխարհի ստեղծման օրվանից: Նաեւ հայտնի է, որ ժողովրդավարությունը ենթադրում է, որ ժողովուրդը, այս կամ այն ձեւով՝ ուղղակի կամ անուղղակի ընտրության միջոցով, պետք է մասնակցի իշխանության ձեւավորմանը: Սակայն մեր դեպքում, թե գործող Սահմանադրությամբ եւ թե նախագծով, ժողովուրդը որեւէ կապ չունի դատական իշխանության ձեւավորման գործընթացի հետ»,-ասաց նա:
Իսկ թե դատական իշխանության ձեւավորումը ինչպես է կատարվում մյուս երկրներում, փաստաբանն ասաց, որ երկրներ կան, որտեղ դատավորներին ընտրում են, կամ նրանց նշանակում է ժողովրդի կողմից ընտրված որեւէ մարմին:
Հայկ Ալումյանը շեշտեց, որ ժողովրդավարությունը ենթադրում է իշխանության ձեւավորվում ժողովրդի կողմից, իսկ Հայաստանում դատական իշխանությունը ձեւավորվել է, եւ այժմ ինքն իրեն վերարտադրում է, ժողովուրդը որեւէ կերպ չի մասնակցում ընտրությանը:
«Եթե մեր սահմանադրության մեջ գրված լիներ, որ ՀՀ-ն միապետություն է, դա նորմալ կլիներ, բայց գրված է, որ մեր երկիրը ժողովրդավարական է: Դուք կարո՞ղ էիք պատկերացնել մի երկիր, որտեղ նախագահը ընտրում են, այնուհետեւ նա որոշում է, թե ով է լինելու հաջորդ նախագահը, կամ պառլամենտը ընտրում են, այնուհետեւ այդ պառլամենտը որոշում է մյուս պառլամենտի կազմը: Դատական իշխանությունը իշխանության մեկ ճյուղ է, ինչպես օրենսդիրն ու գործադիրը»,-ասաց Հայկ Ալումյանը:
Նա նշեց, որ սահմանադրական բարեփոխումների մյուս քաղաքական հարցերի մեջ չի ցանկանում խորանալ, բայց հավելեց, որ ԱՄՆ-ն իր 300 տարվա պատմության մեջ այնքան չի փոխել երկրի մայր օրենքը, ինչքան մենք, աշխարհում 10 տարին մեկ սահմանադրություն փոխող այլ երկիր դժվար գտնվի: Հայկ Ալումյանի խոսքով՝ ոչ բոլոր երկրներ ունեն Սահմանադրություն, իսկ ունեցողներն էլ լուրջ են վերաբերում դրան:





























