Գյումրիի թատերական հրապարակում այսօր՝ հունիսի 13-ին, «Հիմնադիր խորհրդարանի» հրավիրած բողոքի ակցիան սակավամարդ է եղել, մասնակցել են հիմնականում տարեց գյումրեցիներ:
Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հանրահավաքին ներկա է եղել մի քանի տասնյակ մարդ: ՀԽ անդամները հայտարարել են, որ իրենց նպատակն է իշխանափոխություն իրականացնել երկրում, ինչպես նաեւ ներկայացրել են դրույթներ, թե ինչու պետք է «ռադ անել» իշխանություններին:
«Մենք ունենք դրույթներ, թե ինչ պետք է անել իշխանափոխությունից հետո: Առաջարկում ենք ազատ արձակել ծանր հանցագործություն կատարած անձանց, եթե նրանց հանցանքը չի վնասել պետական շահերին, ցմահ ազատազրկման դատապարտված մարդկանց համար պատիժը սահմանել 20 տարով, վերանայել բոլոր բանտարկյալների գործերը: Ինչպես նաեւ պատժել արդարադատության համակարգի համար պատասխանատու անձանց»,- ասաց Գյումրիում ՀԽ համակարգող Արամ Հակոբյանը՝ նշելով, որ սրանք հիմնական դրույթները չեն:
Արամ Հակոբյանի խոսքով՝ հասարակությունը պետք է վճարի, եթե ցանկանում է արժանապատիվ պետություն ունենալ:
Հանրահավաքի ժամանակ ելույթ են ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» այլ անդամներ եւս:
Նշենք, որ թեեւ հանրահավաքը կազմակերպել էր «Հիմնադիր խորհրդարանը», սակայն ՀԽ ղեկավար կազմից ոչ ոք Գյումրի չէր մեկնել: Ներկա էր միայն Վարդան Հակոբյանը:
.jpg)
.jpg)





























