Հացադուլ հայտարարած Շանթ Հարությունյանը ցանկանում է տեղափոխվել առանձին խուց, քանի որ մտահոգություն ունի, որ իր կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Ինեսսա Պետրոսյանը: Փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալը հացադուլ է հայտարարել օրեր առաջ, բայց այդ մասին ՔԿՎ ղեկավարությանը գրավոր հայտնել է միայն ուրբաթ օրը:
Նա նաեւ նշեց, որ Շանթի հետ հանդիպել է արդեն տեղաբաշխման հանձնաժողովի որոշումից հետո, երբ ինքը պատիժը կրում էր կիսաբաց ռեժիմում: Առաջիկա օրերին Ինեսսա Պետրոսյանը նորից կհանդիպի իր պաշտպանյալի հետ «Երեւի Շանթը մտահոգություն ունի, որ կարող է իր կյանքին վտանգ սպառնալ եւ ցանկանում է առանձին կացարան գնալ: Նա ասել է, որ կանխազգացում, ունի, որ իրեն վտանգ է սպառնում»,-ասաց փաստաբանը:
Շանթ Հարությունյանի հացադուլին միացել է նաեւ նույն գործով դատապարտյալ Վարդան Վարդանյանը: Փաստաբանից նաեւ տեղեկացանք, որ առայժմ ՄԻԵԴ չի դիմել «Շանթի» գործով, բայց առաջիկայում պատրաստվում է դա անել:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2014թ-ի հոկտեմբերի 17-ին Շանթ Հարությունյանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։ Այս տարվա փետրվարին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի որոշումը: Վճռաբեկը բողոքը վարույթ չէր ընդունել: http://news.am/arm/news/271594.html





























