Ապրիլի 24-ից հետո էլ ամբողջ աշխարհում շարունակվում են Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները:

Իտալիայի հյուսիսային փոքրիկ Կաստիլիոնե Օլոնա քաղաքում «Առանց հայրենիքի հայը. պատմություն ինձ եւ մեզ համար» խորագրով մշակութային երեկո կանցկացվի: Տեղական Varesenews պարբերականի փոխանցմամբ, միջոցառման կազմակերպիչներն են քաղաքապետարանի մշակույթի վարչությունն ու Կույս Ռոզարիայի եկեղեցական ծուխը:

Երեկոյի հյուրն է լինելու սիրիահայ գրող Սեզար Բալաբանը՝ «Առանց հայրենիքի. Հալեպից հայի պատմությունը» վեպի հեղինակը:

Սեզար Բալաբանը ծնվել է 1950 թվականին, Հալեպում, Հայոց ցեղասպանությունը վերապրածի ընտանիքում: Նա մեծացել է երեք մշակույթների մթնոլորտում. ընտանիքում՝ հայկական, շրջապատում՝ արաբական, դպրոցում՝ ամերիկյան: 1969 թվականին նա մեկնում է Իտալիա՝ այնտեղից ԱՄՆ ուղեւորվելու համար, սակայն որոշում է մնալ եւ վիրաբուժություն սովորել: