«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, որը Հայաստան - Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում դուրս էր եկել խաղադաշտ, բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Շահենի ընկերները հայտնեցին, որ այս պահին ոստիկանության բաժին է եկել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ոստիկանության աշխատակիցները վերջինիս խոստացել են, որ խաղի ավարտից հետո Շահեն Հարությունյանին ազատ կարձակեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստան - Պորտուգալիա Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում խաղադաշտ է ներխուժել երկրպագու, որին մի փոքր ուշացումով ոստիկանները կարողացել են հեռացնել դաշտից: Երկրպագուն Շահեն Հարությունյանն էր՝ քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի որդին:
Նշենք, որ արդեն մի քանի օր է քաղբնտարկյալ Շանթ Հարությունյանը կալանավայրում հացադուլ է հայտարարել. Նա պահանջում է իրեն տեղափոխվել առանձին խուց, քանի որ մտահոգություն ունի, որ իր կյանքին վտանգ է սպառնում:





























