Հայաստանի պետական ռեզերվներում կա անհրաժեշտ քանակության ցորեն, որը, ցորենի շուկայում պակասություն դեպքում, կառավարության որոշմամբ կտրամադրվի ժողովրդին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական բաժնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը: Սակայն նման իրավիճակ, ըստ Գրիգորյանի, այսօր շուկայում առկա չէ: Մի քանի օրից, Գրիգորյանի խոսքով, Ռուսաստանի կառավարությունը անհատույց 5 հազար տոննա ցորեն պետք է տրամադրի Հայաստանին, եւ այժմ այդ ուղղությամբ ընթանում են համապատասխան քննարկումներ: «Անգամ եթե Ռուսաստանից Հայաստան ցորեն չմատակարարվի, ապա կան անհրաժեշտ միջոցներ եւ հնարավորություններ՝ այլ տեղերից անհրաժեշտ քանակությամբ ցորեն ներկելու: Իսկ թե որտեղից` դա կոմերցիոն գաղտնիք է»:
Թե այսօր ցորենի որքան պաշար ունի Հայաստանը՝ ոչ ոք ասել չի կարող, քանի որ դա պետական գաղտնիք է: Ինչ վերաբերում է հացի եւ հացամթերքի հավանական թանկացումներին, ապա, ԱԻՆ մամուլի խոսնակի խոսքով, «որոշ մարդիկ գուցե թանկացնեն իրենց ապրանքը՝ օգտվելով առիթից, սակայն դրա նկատմամբ վերահսկողություն կսահմանվի»:
Հատկանշական է, որ Հայաստանի ցորենի պետական ռեզերվները գոյանում են Հայաստան ցորեն ներկրող ընկերությունների կողմից: «Նրանք իրականացրել եւ շարունակում են իրականացնել դա եւ այդ հարցում մինչ այժմ որեւէ թերացում չի եղել: Ներկրողները հաջողությամբ շարունակում են ցորենի ներկրումը Հայաստան»,-նշեց Գրիգորյանը: Ինչպես հայտնի է՝ ցորեն ներկրող խոշոր ընկերություններն են «Ալեքս Գրիգը» (47,3 տոկոս շուկայի մասնաբաժին) եւ «Մանանա Գրեյնը» (34,4 տոկոս շուկայի մասնաբաժին):
Նշենք, որ ըստ Պետեկամուտների կոմիտեի տվյալների` այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներկվել 147,8 հազ. տոննա ցորեն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 21 հազ. տոննայով կամ 16 տոկոսով ավելի է։ Ուշագրավ է, որ առաջին կիսամյակում իջել է նաեւ ցորենի մաքսային արժեքը` 1 տոննայի համար կազմելով 250 դոլար (2009թ. 1 տոննայի մաքսային արժեքը կազմում էր 253 դոլար):
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական հացահատիկի եւ դրանից պատրաստվող ապրանքների արտադրությունը որոշ ժամանակով կդադարեցվի, որը պայմանավորված է երկրի մի քանի շրջանները վնասած երաշտով։ Բացի այդ՝ Ռուսաստանից հացահատիկի արտահանման նկատմամբ արգելք է սահմանվել, որն ուժի մեջ կմտնի օգոստոսի 15-ից եւ կշարունակվի մինչեւ տարեվերջ: Նշենք, որ Հայաստանը հացահատիկի մեծ մասը հիմնականում ներկրում է Ռուսաստանից՝ տարեկան 300-400 հազար տոննա: Ռուսաստանը հացահատիկի արտահանմամբ 4 տեղն է զբաղեցնում աշխարհում, ԱՄՆ-ից, Եվրամիությունից եւ Կանադայից հետո:



























