Գյումրիի «Ցայգ» մարզային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել՝ իրենց հետ կատարվող ապօրինության վերաբերյալ։

«Հունիսի 13-ին՝ ժամը 18:00-ից սկսած «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանցը», որին վերապահված է իրականացնել ազդանշանների սփռումը, սկսել է գործընթաց՝ շահագործելով 28-րդ թվային հաճախականությունը, որը լիցենզավորման արդյունքում տրամադրված է «Ցայգ» մարզային հեռուստաընկերությանը մինչեւ 2021 թվականը: Համաձայն սույն լիցենզիայի՝ «Ցայգ»-ի սփռման ծածկույթն է ամբողջ Շիրակի մարզը: 

Հունիսի 13-ին՝ ժամը 18:00-ից սկսած՝ նույն հաճախականության տակ սկսել են շահագործել Ամասիայի հաղորդակը, որի մասին հեռուստաընկերության տնօրինությունը գրավոր պաշտոնական ոչ մի ծանուցում չի ստացել: Գործընթացի հետեւանքով հունիսի 13-ին՝ օրվա երկրորդ կեսից, «Ցայգ» հեռուստաընկերության անալոգային ազդանշանը, որը գործելու էր մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը /հաշվի առնելով թվայնացման հետ կապված ԱԺ-ի վերջին օրենսդրական փոփոխությունները/ խլացվում է՝ բերելով պատկերի ու ձայնի որակի էական փոփոխության՝ նյութական եւ բարոյական վնասներ հասցնելով հեռուստաընկերության սեփականատերերին եւ աշխատակիցներին: Տուժում է նաեւ հեռուստադիտողների մեծ զանգվածը, որն ի վիճակի չէ դիտել թվային հեռարձակման ազդանշանը: 

«Ցայգ» ՍՊԸ-ի ղեկավարությունը եւ սեփականատերերը կատարվածի տակ քաղաքական որեւէ ենթատեքստ չեն տեսնում եւ հայտնում են, որ տվյալ խնդիրը կարճ ժամանակահատվածում ողջամիտ բանակցությունների արդյունքում կկարգավորվի»,- ասվում է հայտարարության մեջ: