Հայաստանի Տարածքային Կառավարման եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունից Վրաստան չեն մեկնել օգնության համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՏԿԱԻՆ-ի լրատվական ծառայությունից (ֆոտոռեպորտաժ):
Մեզ փոխանցեցին, որ մշտական կապի մեջ են վրացիների հետ, նրանք նշել են, որ առայժմ օգնության մեկնելու անհարժեշտություն չկա: ՏԿԱԻՆ-ից փոխանցեցին նաեւ, որ առայժմ Թբիլիսում ջրհեղեղի հետեւանքով զոհվածների մեջ հայեր չկան: Ժամը մեկ Հայաստանի ՏԿԱԻՆ-ից կապ են հաստատում Թբիլիսիի հետ, առաջիկայում նոր տվյալներ կունենան:
Նշենք, որ հեղեղումը Թբիլիսիում եղել է կիրակի գիշերը, աննախադեպ տեղատարափից հետո։ Վերջին տվյալներով զոհվել է 13 մարդ, 16 անհետ կորած, ավելի քան 30 հոգի վիրավորվել: Տարերքը վնասել է մայրաքաղաքի ճանապարհներն ու ենթակառուցվածքները։ Հեղեղվել էր նաեւ գազանանոցը, ինչի հետեւանքով տասնյակ կենդանիներ հայտնվել էին ազատության մեջ։ Թբիլիսիի կենդանաբանական այգու 600 կենդանիներից 300-ն է ողջ մնացել: Մնացածը կամ սատկել են տեղում՝ ջրհեղեղի ժամանակ, կամ փախուստի են դիմել վանդակներից եւ նրանց վնասազերծել են հատուկջոկատայինները:
Թբիլիսիի կենտրոնական շրջաններում շարունակվում է փախած կենդանիների որոնումը, շրջում են ուղղաթիռներ, բնակիչներին կոչ են արել դուրս չգալ փողոց։





























