ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ հրատարակվել է Հայաստանի գյուղատնտեսական առաջին հանրագիտարանը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Միջոցառման պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը, գիտնականներ, դասախոսներ, պաշտոնյաներ:
Հանրագիտարանը պարունակում է համապարփակ տեղեկություններ ՀՀ գյուղատնտեսության, գյուղատնտեսական գիտությունների, հարակից տնտեսության ճյուղերի եւ բնագավառների վերաբերյալ, տեղեկությունների ոլորտում էական ներդրում ունեցած հայ գիտնականների, ինչպես նաեւ տարբեր ժամանակահատվածներում գյուղատնտեսության ասպարեզում աչքի ընկած, պետական պարգեւների արժանացած անձանց մասին: Լուսաբանված են գյուղատնտեսության ոլորտի հարաբերությունները կարգավորող հիմնական իրավական ակտերը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր ողջույնի խոսքում մասնավորապես նշել է, որ հանրագիտարանի ստեղծմանը նախորդել է շուրջ երկու տարվա հսկայածավալ եւ գնահատելի աշխատանք եւ շնորհակալություն է հայտնել հանրագիտարանի ստեղծման գործում իրենց ավանդը ներդրած անձանց եւ կազմակերպություններին:
«Հաշվի առնելով, որ գյուղատնտեսությունը մեր երկրում համարվում է տնտեսության գերակա ոլորտ` մենք առանձնակի կարեւորում ենք նաեւ հայ գյուղացու եւ գյուղատնտեսության ոլորտի աշխատողների իմացության մակարդակի բարձրացումը, որին, հուսով ենք, մեծապես կնպաստի հրատարակված հանրագիտարանը»,-իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:
Նախարարը հավելել է, որ գյուղատնտեսական հանրագիտարանը` որպես թեմատիկ հանրագիտարան առաջինը լինելով, ամբողջացնում է նաեւ Հայաստանի գյուղատնտեսության անցյալի ու ներկայի պատմությունը, ուստի այն գյուղի աշխատավորից, գյուղատնտեսության տնտեսավարողներից բացի, կարող է օգտակար լինել նաեւ մասնագետների լայն շրջանակների եւ ուսանողների համար:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն իր հերթին, կարեւորելով նման նախաձեռնությունը, նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մեր երկրի ամենաակտիվ գործող գերատեսչությունն է, որն աչքի է ընկնում գյուղատնտեսության ոլորտին նվիրված բազմաթիվ միջոցառումների հաճախակի կազմակերպմամբ, եւ այսօրվա նախաձենությունն այդ ակտիվության դրսեւորումներից մեկն է: Նա նաեւ հավելել է, որ գյուղատնտեսության նախարարության համագործակցությունը Գիտությունների ազգային ակադեմիայի հետ ունի տարիների վաղեմություն, եւ նախարարության ներկայացուցիչները մշտապես պատրաստակամություն են հայտնել կիրառել ԳԱԱ աշխատակիցների գիտական նորույթները` ի նպաստ ոլորտի զարգացման:
Միջոցառման ավարտին հանրագիտարանի մշակման եւ հրատարակման գործում արդյունավետ եւ արգասաբեր աշխատանքներ իրականացնելու համար Գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, «Տիգրան Մեծ հրատարակչության» եւ նախարարության մի շարք աշխատակիցներ պարգեւատրվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի շնորհակալագրերով:





























