Ռուսաստանի Ռոստովի մարզի՝ ազգությամբ ադրբեջանցի բնակիչը խոզերին մարիխուանայով եւ կանեփով էր կերակրում:

Lenta.ru-ի փոխանցմամբ, Թմրանյութերի շրջանառության վերահսկողության Դաշնային ծառայության մարզային վարչության աշխատակիցները ձերբակալել են ծնունդով Ադրբեջանից թոշակառուին՝ մարիխուանա եւ կանեփ պահելու մեղադրանքով: Տղամարդն իրավապահներին ասել է, որ թմրանյութերը պահում էր բժշկական նպատակներով:

Խոզաբուծությամբ զբաղվող 66-ամյա տղամարդու մեքենայում ոստիկանները երկու պարկ մարիխուանա են հայտնաբերել՝ ավելի քան 1.2 կգ ընդհանուր քաշով, ինչպես նաեւ կանեփի սերմեր:

Տղամարդը, որի անունը չի նշվում, ոստիկաններին ասել է, որ իր կենդանիները հիվանդացել են, եւ նրանց բուժելու համար վայրի աճող կանեփից մարիխուանա է պատրաստել: Նա նաեւ հավաստել է, որ ինքն անձամբ թմրանյութ չի օգտագործում:

Իրավախախտի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 228 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Ապօրինի կերպով թմրանյութ պահելը»), որը մինչեւ 10 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում: