Ես իմ աշխատավայրում եմ, տեղյակ չեմ կադրային փոփոխությունների մասին լուրերից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը:
«Ես տեղյակ չեմ, իմ աշխատավայրում եմ: Ամեն ինչ իր ժամանակն ունի, որ լինի, կհրապարակվի, կիմանանք»,-նշեց ՊԲ ղեկավարը: Արդյոք նա ցանկանում է գալ Երեւան եւ այստեղ աշխատել, Մովսես Հակոբյանն ասաց, որ բանակում չեն հարցնում, ծառայում են, որտեղ նշանակում են, այնտեղ ծառայում են: Հարցին, թե արդյոք քննարկվում է իր տեղափոխման հարցը, ՊԲ ղեկավարը պատասխանեց, որ չգիտի, նման հարցերը ենթակաների հետ չեն քննարկում, հետեւենք զարգացումներին:
Նշենք, որ Lragir.am-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին կադրային խոշոր փոփոխություն է սպասվում Հայաստանի զինված ուժերում: Այդ փոփոխության հավանականության մասին մամուլում արդեն իսկ հրապարակումներ եղել են, որոնք պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախորդ շաբաթ ըստ էության չէր հաստատել, բայց նաեւ չէր հերքել, ասելով, թե տեղեկատվություն կլինի, երբ կլինեն որոշումներ:Կայքի տեղեկություններով, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն արդեն թողել է նախարարի պաշտոնը Ղարաբաղում: ԼՂՀ պաշտպանության նոր նախարար է նշանակվելու Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Լեւոն Մնացականյանը:
Մովսես Հակոբյանը նշանակվելու է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ: Շտաբի ներկայիս պետ Յուրի Խաչատուրովը վաղուց է անցել թոշակի տարիքը, սակայն նրա պաշտոնավարումը շարունակվում էր Սերժ Սարգսյանի հատուկ հրամանագրով: 2013 թվականին ստորագրված հրամանագրով Խաչատուրովի պաշտոնավարումը երկարաձգվել էր մինչեւ 2017 թվականի մայիսի 1-ը:





























