Գյումրիում այսօր՝ հունիսի 15-ին ռուս զինծառայողի սպանության գործը պետք է քննի ռուսական կողմը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Վերջինս մեջբերեց ՀՀ եւ ՌԴ միջեւ միջպետական համաձայնագրի 4-րդ ու 5-րդ հոդվածները։
Ըստ 4-րդ հոդվածի, ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի կազմում ընդգրկված անձանց եւ նրանց ընտանիքների անդամների կողմից կատարված հանցագործությունների դեպքում կիրառվում է ՀՀ օրենսդրությունը, քննությունը վարում են հայկական մարմինները, իսկ 5-րդ հոդվածի համաձայն, ռուսական կողմն է վարում քննությունը եւ կիրառվում է ռուսաստանյան օրենսդրությունը, եթե հանցագործությունը կատարվել է ռուսական ռազմակայանի տարածքում, կամ կատարվել է ՌԴ-ի կամ ռուսական ռազմակայանի կազմում ընդգրկված անձանց եւ նրանց ընտանիքների նկատմամբ։
«Ստացվում է, որ եթե ռուսական ռազմաբազայի տարածքից դուրս բազայի անձնակազմի մեջ մտնող անձի նկատմամբ հանցագործություն է կատարել նույն բազայի անձնակազմի մեջ մտնող մեկ այլ անձ, ապա քրեական գործը պետք է քննի ՌԴ համապատասխան մարմինները, ՌԴ օրենսդրությամբ սահմանված կարգով»,- նշեց Երվանդ Վարոսյանը:
Վերջինիս խոսքով, հայկական կողմը ճիշտ է արել՝ քրգործ հարուցելով դեպքի կապակցությամբ, քանի դեռ չի պարզվել եւ հիմնավորվել, որ հանցագործությունը կատարվել է ՌԴ ռազմակայանի զինծառայողի կողմից ՌԴ ռազմակայանի մեկ այլ զինծառայողի դեմ։ «Դրանից հետո պետք է լուծվի քրգործը փոխանցելու հարցը»,- նշեց Երվանդ Վարոսյանը։ Վերջինիս խոսքով, այս գործի եւ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի տարբերությունը կայանում էր նրանում, որ Ավետիսյանների դեպքում պետք է գործեր համաձայնագրի 4-րդ հոդվածը, իսկ Իվան Նովիկովի սպանության դեպքում գործում է 5-րդ հոդվածը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի հետնամասում այսօր՝ հունիսի 15-ին, հայտնաբերված ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանության մեջ կասկածվող զինծառայողը Իվան Բոսխոմջիեւն է։ Իվան Բոսխոմջիեւի «Օդնոկլասսնիկի»-ի էջից տեղեկանում ենք, որ նա 21 տարեկան է, ՌԴ Աստրախանի շրջանից: Բոսխոմջիեւը բազմաթիվ լուսանկարներ է հրապարակել իր զինվորական ծառայությունից:
Նշենք, որ ըստ ՌԴ Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայության, այս գործով ձերբակալված զինվորը պայմանագրային զինծառայող է եւ սկսել է խոստովանական ցուցմունքներ տալ:
Հիշեցնենք, որ հայկական կողմը նույնպես քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 1–ին մասով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում ռուսական ռազմակայանի հետնամասում, «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ, հունիսի 15-ին, ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել: Դեպքի հանգամանքները ճշտվում են:





























