ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանն առաջարկում է, որ բոլոր զինծառայողները հնարավորություն ունենան արտասահմանում բուժում ստանալ, ոչ միայն մարտական դիրքերում ծառայողները: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ:
Կորյուն Նահապետյանը կարծում է, որ օրենքը պետք է տարածվի բոլոր զինծառայողների վրա. «Ի՞նչ է նշանակում, որ բոլոր զինվորներին չենք կարող ապահովել արտասահմանի բուժմամբ, դա արժեքային խնդիր է, պետք է բոլորը հավատացած լինեն, որ ապահովված են՝ անկախ նրանից, թե որտեղ են ծառայում։ Չպետք է տարբերակում դնել՝ վնասվածք նա ստանում է առաջնագծում, հերթապահություն կատարելիս, թե այլ կերպ»,-ասել է նա:
Նույն տեսակետն է պաշտպանել նաեւ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:
Ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է. «Պարոն Նահապետյան, ձեր հանձնաժողովում քննարկեիք, ձեր խմբակցությանը համոզեիք ու լուծեիք հարցը։ Մենք բոլորս էլ կողմ ենք»։
«Օրինաց երկիր» կուսակցությունը նույնպես առաջարկում է զինծառայողներին չտարանջատել։ Բոլորին օգնություն հասցնելու համար Հեղինե Բիշարյանը առաջարկում է. «Կարծում եմ՝ պետք է ֆոնդ ստեղծել, որը կլինի անկախ, ու այսօր ՊՆ-ից չէինք կորզի այդ գումարը, որպեսզի զինվորը բուժում ստանա»։
Իսկ ահա ՀՀԿ խմբակցության պատգմավոր Արփինե Հովհաննիսյանը, ով օրենսդրական նախաձեռնության համահեղինակներից է, նշել է. «Տպավորություն է, թե նախագծի հեղինակները դեմ են, որ բոլոր զինծառայողներն ստանան բուժօգնություն, իսկ դուք պայքարում եք մեր դեմ: Այս նախագիծը երկարատեւ բանակցությունների արդյունք է։ Մեր հնարավորություններն ու կարողությունները այս պահին, այսքանն են։ Մենք չենք ուզում կառավարությանը ընդդեմ դաշտում տեսնել, մենք նրանց հետ համաձայնության ենք եկել այս կերպ»:
Նրա խոսքով՝ մարտական հերթապահություն գրեթե բոլորն են իրականացնում, հետեւաբար օրենքը կտարածվի գրեթե բոլորի վրա:




























