ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 17-ին, ցավակցական հեռագիր է հղել Քըրք Քրքորյանի մահվան կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր ցավ ապրեցի` լսելով հայ մեծ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քրքորյանի մահվան լուրը:
Համոզված եմ` այս ցավը Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում կիսում են բոլորը: Որպես ձեռներեց եւ գործարար՝ նա արդեն իր կյանքի օրոք դարձել էր լեգենդ եւ վայելում էր միջազգային հեղինակություն, դարձել էր վերապրող հայի, աշխատասեր, իմաստուն, բարի ու համեստ մարդու օրինակ:
Նրա ստեղծած «Լինսի» հիմնադրամը Հայաստանի ժողովրդին սատարեց ծանր պահի՝ օգնելով հաղթահարել դժվարությունները եւ դուրս գալ զարգացման ուղի: Հիմնադրամի իրականացրած ծրագրերը նոր հզոր շունչ հաղորդեցին Հայաստանի տնտեսությանը՝ լրջորեն փոխելով մեր երկրի նկարագիրը:
Համոզված եմ, որ մեծ հայորդու, Հայաստանի ազգային հերոսի լուսավոր հիշատակը միշտ վառ է մնալու, եւ մեր ժողովուրդը հիշելու է նրան հպարտության ու երախտագիտության զգացումներով:
Ցավակցում եմ բոլորիս այս մեծ կորստյան կապակցությամբ»:





























