ԱՄՆ-ում աշխատանքից ազատել են ուսուցչին, որը դասարանում նույնասեռականների մասին հեքիաթ է կարդացել:

Պատմությունը սկսվել է նրանից, երբ Հյուսիսային Կարոլինայի Էֆլանդ քաղաքում աշակերտներից մեկին հասակակիցները ծաղրել են՝ նրան գեյ կոչելով: Իմանալով այդ մասին՝ Օմար Քարրի անունով ուսուցիչը որոշել է դասարանում միմյանց սիրահարված արքայազնների մասին «Արքան եւ արքան» վերնագրով հեքիաթը կարդալ: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով The News & Observer-ին:

Քարրիի խոսքով, գիրքն իրեն տվել է դպրոցի տնօրենի տեղակալ Մեն Գուդհենդը: Հետագայում բարձրացած սկանդալի արդյունքում երկուսն էլ հեռացվել են աշխատանքից:

«Արքան եւ արքան» հեքիաթը 2002 թվականին գրել են հոլանդացի գրողներ Լինդա դե Հաանը եւ Սթեռն Նեյլանդը: Չնայած բազմաթիվ քննադատություններին, 2004 թվականին լույս տեսավ նաեւ գրքի շարունակությունը՝ «Արքան եւ արքան եւ ընտանիքը» վերնագրով, որտեղ նույնասեռական միապետները երեխա են որդեգրում: