Թբիլիսիի բնակիչներից ստացված ահազանգը, որ կենդանաբանական այգուց փախած վագրը Վակեի շրջանի Փալիաշվիլի փողոցում է գտնվում, չի հաստատվել: Այս մասին հայտարարել է պարեկային ոստիկանության ներկայացուցիչը:

Միաժամանակ, ըստ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի, ոստիկանություն զանգահարած կնոջը տարել են ցուցմունք տալու:

Վրաց իրավապահները օղակել են Փալիաշվիլի փողոցի տարածքը: Տեղի բնակիչների հաղորդմամբ, այդտեղ վագրին նկատել են նաեւ երեկ, ինչի մասին տեղեկացրել են համապատասխան ծառայություններին, սակայն առայժմ չի հաջողվել գտնել գիշատչին:

Ըստ «Գրուզիա Օնլայն»-ի, կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն լրագրողներին հայտնել է, որ առայժմ անհայտ է մեկ վագրի եւ մեկ բորենու ճակատագիրը:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Թբիլիսիում կենդանաբանական այգուն հարակից տարածքում գտնվող պահեստում վագրը հոշոտել էր մի մարդու: Հարկ է նկատել, որ երկու օր շարունակ Վրաստանի իշխանությունները, վկայակոչելով կենդանաբանական այգու ղեկավարությանը, հայտարարում էին, որ այգու տարածքից դուրս ոչ մի գիշատիչ կենդանի չկա, եւ բնակչությանը վտանգ չի սպառնում: