Քալիֆորնիայի բնակիչ Դեվորայս Դիքսոնը պնդում է, որ KFC արագ սննդի կետերից մեկում իրեն տապակած առնետ են մատուցել։

Նա Facebook-ում տեղադրել է իրեն մատուցած ուտելիքի նկարը, որը առնետ է հիշեցնում։ Նա նշել է, որ երբ ինքը փորձել է ուտել միսը, այն ռետինի պես կարծր է եղել։ Դա ստիպել է տղամարդուն ուշադրություն դարձնել ուտելիքին։ «Երբ ես վերեւից նայեցի,  նկատեցի, որ այն պոչով առնետի տեսք ունի»,- ասել է նա։

Դիքսոնը պնդում է, որ ինքը խոսել է մենեջերի հետ, եւ նա խոստովանել է, որ դա առնետ է, ու ներողություն է խնդրել։

KFC-ում նշել են, որ հավի մսից պատրաստած իրենց ուտեստները ձեւով եւ չափով տարբեր են լինում, եւ իրենք ոչ մի ապացույց չունեն, որ դա առնետ է եղել։ Ընկերությունը հայտնել է, որ իրենք Դիքսոնին առաջարկել են անկախ փորձաքննություն անցկացնել, սակայն նա հրաժարվել է ներկայացնել մթերքը։