Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի՝ «Ծաղիկ Ռուբոյի» եղբորորդու սպանության գործով երեկ նշանակված դատական նիստը հետաձգվել է: Մեր տեղեկություններով՝ նիստին չէին ներկայացել տուժողները, վկաները, մյուս մեղադրյալի պաշտպանը, այդ պատճառով նիստը հետաձգվել է: Հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 30-ին, ժամը 14.00-ին:

Նշենք, որ սպանությունն իրականացնելու մեջ մեղադրվող երեք անձանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում՝ ձեռնարկվելով միջոցներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Հետախուզվողներից երկուսը՝ Ա.Երեմյանը եւ Կ.Հակոբյանը, հայտնաբերվել են Ռուսաստանում եւ Հայաստան էտապավորվել համապատասխանաբար 2014թ օգոստոսի 29-ին եւ 2015 թվականի փետրվարի 22-ին։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 8-րդ կետերի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ Ա.Երեմյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 8-րդ կետերի հատկանիշներով։  Նշված երկու մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել  է,  եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ,  ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Առաքել Սարգսյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է,  կատարվում են համապատասխան օպերատիվ-որոնողական գործողություններ՝ նրան հայտնաբերելու համար։