Հայաստանը չի հրաժարվել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին Երեւանում ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով Սերբիայի խորհրդարանի պատգամավոր Դուբրովկա Ֆիլիպովսկայայի հարցին, թե ինչպիսին կլինեն Հայաստանի հետագա քայլերը ԵՄ հետ հարաբերությունների ուղղությամբ:
Նախարարի խոսքով, Հայաստանի պատճառով չէ, որ ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ չստորագրվեց Ասոցացման համաձայնագիրը, այն լրիվ այլ պատճառներ ուներ:
«Մենք առաջարկեցինք ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, բայց մեզ ասացին, որ դա ամբողջական փաստաթուղթ է: Իսկ հետո Ուկրաինայի հետ ստորագրվեց Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը»,-նշել է Նալբանդյանը:
Միաժամանակ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ առաջիկա օրերին ԵՄ խորհուրդը կհաստատի մանդատը եւ հնարավոր կլինի շարունակել բանակցությունները Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ:





























