Ռուս-վրացական պատերազմը դաս էր բոլորի համար: Պատերազմը հնարավորություն տվեց շատ բաներ հասկանալ և երևույթները նորովի տեսնել: Մեր թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է արտահայտել վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն:
Վաղը լրանում է Ռուս-վրացական պատերազմի երկրորդ տարին:
“Վրաստանի համար հետևությունը մեկն է. մենք ապրում ենք ագրեսորի հարևանությամբ: Այդ ագրեսորը առիթը բաց չի թողնի ուժով վերականգնել ԽՍՀՄ-ը կամ ստեղծել դրա նման մի բան` կյանքի կոչելով “Մեծ Հարավային Կովկաս” գաղափարը: Ռուսաստանը պետք է հասկանա, որ 17-րդ կամ 19-րդ դարը չէ, և ոչ ոք թույլ չի տա այդ երկրին դուրս գալ փոքր հարևանի դեմ և հիմնովին ոչնչացնել”,- ասել է փորձագետը: Իսկ Եվրոպան ու ԱՄՆ-ը պետք է հասկանան, որ Ռուսաստանի հետ պետք է վարել ավելի սկզբունքային, հաշվարկված ու մտածված քաղաքականություն: “Օբամայի համար պետք է հստակ լինի, որ Ռուսաստանին հավատալ չի կարելի”,- ասել է Ցինցաձեն` ավելացնելով, որ այս պահին ԱՄՆ-ում դա դեռ չեն հասկանում: “Ես չեմ տեսնում, թե Արևմուտքը հետևություններ է արել”,- ընդգծել է քաղաքագետը:
Անցած երկու տարիներին Վրաստանի հասարակության վերաբերմունքը մեծ հարևանի նկատմամբ ավելի է վատացել: “Ռուսաստանը չկարողացավ հասնել իր հիմնական նպատակին և ձախողվեց: Մոսկվան չկարողացավ վրացիներին համոզել, թե Վրաստանի բարեկամն է, իսկ միակ թշնամին Սահակաշվիլին է: Ագրեսիան մնում է ագրեսիա, իսկ Ռուսաստանին Վրաստանում վերաբերվում են ինչպես ագրեսորի”, - նշել է փորձագետը:
Պատասխանելով հարցին, թե հնարավոր է Ռուսաստանի նկատմամբ Վրաստանի դիրքորոշման փոփոխություն և ապագայում կառուցողական հարաբերությունների հաստատում` Սոսո Ցինցաձեն ասել է, որ հնարավոր է, սակայն մի պայմանով: “Ռուսաստանը պետք է հետ կանչի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը և սկսի բանակցություններ: Այլ կերպ հնարավոր չէ”, - կարծում է Ցինցաձեն:
Հիշեցնենք, որ 2008թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը վրացական զորքերը սկսեցին Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալի և հարակից շրջանների հրետակոծությունը: Այնուհետև վրացական զրահատեխնիկան ու հետևակը սկսեցին քաղաքի գրոհը: Վրաստանի պաշտոնական հայտարարությունների համաձայն, Հարավայի Օսիան խախտել էր հրադադարի ռեժիմը: Ցխինվալը պնդում է, որ առաջինը կրակ է բացել Վրաստանը:
2008թ. օգոստոսի 8-ին վրացական կողմին խաղաղություն պարտադրելու ռազմական գործողության շրջանակում հակամարտությանը միջամտեց Ռուսաստանը, իսկ հաջորդ օրը Չճանաչված պետությունների համագործակցության անդամների միջև ռազմական օգնության համաձայնագրով դաշնակիցներին միացավ Աբխազիան: Հինգ օր անց Ռուսաստանը հայտարարեց ռազմական գործողությունների ավարտի մասին:
2008թ. օգոստոսի 14-ից 16-ը ռազմական գործողություններում ներգրավված պետությունների ղեկավարները ստորագրեցին վրաց-հարավօսական հակամարտության խաղաղ կարգավորման փաստաթուղթը`Մեդվեդև-Սարկոզի համաձայնագիրը: Վրաստանը հակամարտությունը սպառված չի համարում` պնդելով, թե Ռուսաստանը չի հետևել ստորագրած պայմանավորվածություններին:
2008թ. օգոստոսի վերջին Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: Ի պատասխան դրան` Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ, իսկ երկու հանրապետությունները հայտարարեց օկուպացված տարածքներ: Աբխազիայի և Հարավայի Օսիայի անկախությունը Ռուսաստանից հետո ճանաչեցին նաև Նիկարագուան, Վենեսուելան և Նաուրուն:




























