Օբ գետի ափին գտնվող Ելիզարովո գյուղի մերձակայքում տղամարդու դի են գտել, որը շատ նման է մայիսի 30-ին գետով զբոսանքի ժամանակ անհետ կորած Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզի ղեկավարի տեղակալ Վիտալի Երմոշինին: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Քննիչն ու դատաբժշկական փորձագետը դիակի հայտնաբերման վայր են մեկնել: Ենթադրաբար, դա Վիտալի Երմոշինի մարմինն է: Դիակի ճանաչումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունիսի 19-ին»,- հայտարարել է ՌԴ Քննչական կոմիտեի Ուրալի քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Նատալյա Գունկինան:

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Իրտիշ եւ Օբ գետերի միախառնման հատվածում անհետ կորել է Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզի ղեկավարի տեղակալ Վիտալի Երմոշինը: Գետով զբոսանքի ժամանակ նա ընկել է մոտորանավակից:

Ավելի ուշ պարզվել է, որ պաշտոնյան սրտի հետ կապված խնդիրներ ուներ: