Յոհանեսբուրգ-Լոնդոն չվերթի օդանավի տեխնիկական սրահում թաքնված ապօրինի գաղթյալը հրաշքով է կենդանի մնացել: The Guardian-ը գրում է, որ Հիթրոու օդանավակայանում հայտնաբերված ապօրինի գաղթյալն այժմ ծանր վիճակում գտնվում է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում: Հարավաֆրիկյան հանրապետությունից Մեծ Բրիտանիա օդանավով ապօրինի տեղափոխվելու մասին որոշում կայացրել են երկուսով, սակայն վայրէջքի պահին, երբ օդանավը բացել է շասսին, գաղթյալներից մեկն ընկել է ու տեղում մահացել:

Ըստ The Guardian-ի օդանավի տեխնիկական սրահում ճանապարհորդելուց հետո կենդանի մնալու շանսը 1:4 է, այն էլ, երբ ինքնաթիռը չափերով փոքր է, իսկ թռիչքուղին՝ կարճ: Օդանավի տեխնիկական հատվածում ջերմաստիճանը թռիչքի պահին մոտ -60 աստիճան է, եւ գրեթե բացակայում է թթվածինը, քանի որ թռիչքն իրականացվում է 8-10 հազար մետր բարձրության վրա:

Նշենք, որ Յոհաննեսբուրգից մինչեւ Լոնդոն թռիչքի երկարությունը մոտ 10 հազար կմ է, թռիչքի տեւողությունը՝ 11 ժամ: Այդ պայմաններում, շասսիի վրա թռչելուց հետո կենդանի մնալը, մասնագետների համար իսկապես հրաշքի է հավասար: