Երեւանյան խանութներից ամեն օր տեղեկություններ են ստացվում այս կամ այն ապրանքատեսակի թանկացման մասին։ Հացին, ալյուրին, մակարոնեղենին, հավի մսին եւ այլ սննդատեսակներին այսօր գումարվել է ձեթը։ Համարյա բոլոր խանութներում ձեթը թանկացել է 20-50 դրամով (մոտ 5 ցենտով)։ 

Այսպես՝ տնային տնտեսությունների շրջանում մեծ պահանջարկ վայելող «Զոլոտայա Սեմեչկա» ձեթը թանկացել է 50 դրամով (13 ցենտով) եւ «Երեւան Սիթիի» խանուներում արժե արդեն 599 դրամ (1,64 դոլար)։ Այս ձեթի ներկրողն է «Վ.Ա.Ս. գրուպը», սակայն ընկերության գրասենյակում հրաժարվեցին պարզաբանում տրամադրել` պատճառաբանելով, թե տնօրենը տեղում չէ։ Մոտ 40 դրամով թանկացել է տեղական արտադրության «Օտրագա» ձեթը, որն այսօր գնորդներին առաջարկում էին 589 դրամով (1,61 դոլար)՝ նախկին 549 դրամի (1,5 դոլար) փոխարեն։ Սակայն ձեթ արտադրող «Շող» ձեռնարկությունում NEWS.am-ին ասացին, որ իրենց բացթողման գները փոփոխման չեն ենթարկվել, իսկ գինը խանութներն իրենք են բարձրացրել` սեփական նախաձեռնությամբ։

Նշենք, որ ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալների՝ ձեթի շուկայում գերիշխող դիրք են զբաղեցնում 3 տնտեսվարողներ՝ «Վ.Ա.Ս. գրուպ», «Սալեքս գրուպ» եւ «Ֆ. Կարապետյան»։