Մի քանի շաբաթյա ընդմիջումից հետո, ՀՀ Կենտրոնական բանկը վերջապես անցյալ շաբաթ կրկին միջամտել է փոխարժեքին՝ ֆոնդային բորսայում գնելով 2,5 մլն դոլար։ Այդ գործարքը հավանաբար տեղի է ունեցել ուրբաթ օրը, երբ դրամը սրընթաց արժեւորվում էր եւ հասել էր 1դոլար/364 դրամ նիշին։
Չնայած ԿԲ միջամտությունը մեծ չի եղել, այն նպաստել է փոխարժեքի կայունացմանը։ Այսօր, մասնավորապես, ֆոնդային բորսայում դրամը փոքր-ինչ արժեզրկվել է՝ գործարքների միջին գինը կազմել է 365,33 դրամ` 1 դոլարի դիմաց։ Հատկանշական է, որ բորսայական գործարքներն սկսել են բավական բարձր՝ 1դոլար/366 դրամ մակարդակից, սակայն առեւտրային նստաշրջանի վերջում դոլարի համար տալիս էին 365 դրամից ոչ ավելի։



























