Ցուցարար Տիգրան Մադոյանին ոչ թե բերման են ենթարկել , այլ հաղորդում է ստացվել նրա անհետ կորելու մասին: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողներին ասաց Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:

Երեւանի ոստիկանապետը նշեց, որ մայրը հաղորդում է տվել, որ որդին անհետ կորել է, այնուհետեւ մայր ու որդի ներկայացել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Ցուցարարի մայրը տեղյակ չէր, որ որդին Բաղրամյան պողոտայում է եղել այդ ընթացքում:

Ավելի վաղ նստացույցի մասնակիցները հայտարարել էին, որ ցուցարար Տիգրան Մադոյանը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: