Հայաստանի ԶՈՒ զորամասերից մեկի պահպանության տարածքում հունիսի 30-ին, ըստ նախնական վարկածի` գլխին կրակելով ինքնասպանություն գործած 22-ամյա լեյտենանտ Մավրիկ Մելիքյանի մայրը մեկ տարի առաջ էր մահացել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին մահացածի հարեւանները, որոնք բացառում են, որ տղան կարող էր ինքնասպանություն գործել:

«Շատ հոգատար հայր ուներ, ինքն էլ արտակարգ տղա էր, միայն լավը կարող ենք ասել իր մասին, չենք հավատում, որ կարող է` ինքնասպանություն գործած լիներ»,- ասաց հարեւաններից մեկը:

Մավրիկ Մելիքյանը մեկ քույր ուներ: NEWS.am-ի տեղեկություններով՝ նա զինված ուժերում աշխատում է 2010թ.:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 30-ին` ժամը 13:00-ի սահմանում,   հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տարածքում հայտնաբերվել է լեյտենանտ Մավրիկ Խաչատուրի Մելիքյանը` գլխի շրջանում ստացած հրազենային գնդակային վնասվածքով:  Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին նա մահացել է: Կատարվում է նախաքննություն:

Մեր տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Վարդենիսում: