Կնոջը՝ Դիանա Նահապետյանին, դանակի 21 հարվածով սպանելու մեջ մեղադրվող Վոլոդյա Մուրադյանի նկատմամբ նշանակված 3-րդ դատահոգեբանական, դատահոգեբուժական համալիր հանձնաժողովային փորձաքնությունը հնարավոր է պարզի, որ ամբաստանյալը արարքը կատարելիս աֆեկտի վիճակում չի եղել։ NEWS.am-ի հետ զրույցում նման հույս հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը, որը Արտաշատ քաղաքի Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում կողմ էր արտահայտվել մեղադրող Հայկազ Նիկողոսյանի՝ ամբաստանյալին 3-րդ անգամ դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ միջնորդությանը։

«Ես կողմ էի, որ այս փորձաքննությունը անցկացվի, որովհետեւ վերջինն ի վնաս մեզ է եղե՝ եզրակացրել էին, թե ամբաստանյալը աֆեկտի վիճակում է եղել։ Հույս ունեմ, որ սրանով կպարզվի, որ նա աֆեկտի վիճակում չի եղել»,- ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը։

Նարինե Մկրտչյանը նշեց, որ փորձաքննության արդյունքները դեռեւս պատրաստ չեն։

Հիշեցնենք, որ, ըստ մեղադրական եզրակացության, Դիանայի ամուսինը՝ 51-ամյա Վոլոդյա Մուրադյանը, 2012թ. դեկտեմբերին առանձնակի դաժանությամբ սպանել էր իր կնոջը: Սկզբում ծաղկամանով հարված էր հասցրել վերջինիս գլխին, այնուհետեւ ոտքով հարվածել ծնոտին եւ մարմնի այլ մասերին, իսկ վերջում քարշ էր տվել խոհանոց եւ 21 դանակի հարված հասցրել: Վերոնշյալ տեսարանին ականատես էին եղել Դիանայի 14-ամյա եւ 17-ամյա դուստրերը, ովքեր դուրս էին վազել բնակարանից եւ հարեւաններից օգնություն խնդրել։