Այնպիսի հեղինակավոր կազմակերպություն, ինչպիսին ԵԽԽՎ-ն է, պետք է ձեռնպահ մնա փաստաթղթերի ընդունումից, որոնք միակողմանի ձեւակերպումներ են պարունակում, որոնք համահունչ են Ադրբեջանի քարոզչական թեզիսների հետ: Այս մասին հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը՝ karabakh-open.info-ին տված հարցազրույցում:
Պատասխանելով հարցին, որ նախորդ տարի ԵԽԽՎ-ում ընդունվեցին որոշումներ ԼՂՀ-ին առնչվող երկու զեկույց պատրաստելու մասին՝ «Բռնության սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ բռնագրավված տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները կանխամտածված ձեւով զրկվել են ջրից» անվանումներով, կա՞ն որեւէ զարգացումներ այս հարցում, նախատեսվու՞մ է, արդյոք, զեկուցողների այցը Արցախ, Միրզոյանը պատասխանել է, որ զեկուցողների Արցախ այցի հետ կապված համաձայն ընդունված կարգի, նրանք նման խնդրանքով պետք է դիմեն անմիջապես ԼՂՀ իշխանություններին։
«Մինչ օրս տարբեր միջազգային առաքելությունների բոլոր այցերն Արցախ տեղի են ունեցել ԼՂՀ իշխանությունների համաձայնության եւ աջակցության պայմաններում։ ԼՂՀ իշխանությունները զեկուցողների այցի հետ կապված որոշում կընդունեն համապատասխան դիմումի առկայության եւ այցի նպատակահարմարության դեպքում։ Դեռեւս նման դիմում չենք ստացել, ուստի այցի հավանականության քննարկումը վաղաժամ ենք համարում»,-ասել է ԼՂՀ ԱԳ նախարարը:
Նրա խոսքով, թե այդ զեկույցների վերնագրերը, թե մինչ օրս դրանք պատրաստող պատգամավորների հայտարարություններն իրենց մոտ խորը կասկած են առաջացնում նրանց անկողմնակալության շուրջ։
«Համոզված ենք, որ ԵԽԽՎ-ի պես հեղինակավոր կառույցը պետք է խուսափի Ադրբեջանի քարոզչական թեզերին համահունչ միակողմանի ձեւակերպումներ պարունակող փաստաթղթերից, որոնք ոչ միայն միտված են դառնալու զուտ շահարկումների առարկա Ադրբեջանի կողմից, այլեւ ընդունման պարագայում կարող են լուրջ վնաս հասցնել բանակցային գործընթացին։ Հուսով ենք, որ ԵԽԽՎ-ն կցուցաբերի քաղաքական հասունություն եւ թույլ չի տա իր հարթակը վերածել Ադրբեջանի քարոզչության ամբիոնի»,-ընդգծել է նախարարը:
Նրա խոսքով, Ադրբեջանն ավանդաբար ձգտում է օգտագործել միջազգային կազմակերպությունների, այդ թվում ԵԽԽՎ-ի կողմից տրամադրվող միջազգային հարթակն իր քարոզչության ու ապատեղեկատվության համար։ «Մինչդեռ Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների պաշտպանության, իրավական պետության ու իրավունքի գերակայության սկզբունքների պաշտպանման համաեվրոպական առաջատար կառույց է, որը չի կարող անտեսել Ադրբեջանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ կապված անմխիթար իրավիճակը։ Եվրոպայի Խորհրդին երկակի ստանդարտների կիրառման մեջ մեղադրելու փոխարեն տեղին կլիներ կատարել ստանձնած պարտավորությունները՝ ուղղված օրենքի գերակայության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ամրապնդմանն Ադրբեջանում։ Դա ոչ միայն բխում է Ադրբեջանի ժողովրդի շահերից, այլեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման կարեւորագույն պայմաններից է»,-ամփոփել է Կարեն Միրզոյանը:





























