Աբովյանի նորընտիր քաղաքապետ Վահագն Գեւորգյանի հայտարարգրած միջոցները իր եկամուտներից անհամեմատ շատ են: Թե որտեղից նրան այդքան գումար, նորընտիր քաղաքապետը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ՌԴ-ում ունի հարազատներ, բարեկամներ, ընկերներ, որոնք իրեն օգնում են: «Ընտանիքիս անդամները այնտեղ բիզնես ունեն, աշխատում են, ինձ էլ աջակցում են: Լավ չի՞, որ չեմ թաքցրել այն, ինչ ունեմ: Հիմա եթե ունեմ, ասեմ՝ չունե՞մ»,-ասաց քաղաքապետը:
Դիտարկմանը, թե փաստորեն քաղաքապետին էլ են դրսից փող ուղարկում, որ այստեղ «յոլա գնա», Վահագն Գեւորգյանն ասաց, որ քաղաքապետ դառնալով իր անձնական ծախսերը միայն ավելացել են, այժմ ավելի շատ են դիմում գումարով օգնելու համար, հրավիրում են տարբեր միջոցառումների:
Վահագն Գեւորգյանը շեշտեց նաեւ, որ իր այն ընկերները եւ հարազատները, ովքեր մշտապես իրեն օգնել են, այժմ ցանկություն եւ պատրաստակամություն են հայտնել օգնելու քաղաքին:
Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, որ Աբովյանի նորընտիր քաղաքապետ Վահագն Գեւորգյանի դրամական միջոցները, ըստ նրա ներկայացրած հայտարարագրի, կազմում են 23 հազար 700 դոլար, 19 հազար 500 եվրո եւ 850 հազար դրամ: Բացի այս՝ նա ունի մեկ բնակարան եւ երկու` «Toyota Land Cruiser 200 4.0» եւ «BMW 745» մակնիշի ավտոմեքենաներ:
Նորընտիր քաղաքապետն իր պաշտոնը ստանձնելուց հայտարարագրում նշել է, որ այս տարվա հինգ ամիսներին ստացած իր աշխատավարձը կազմել է 1 մլն 562 հազար դրամ: Բացի այդ, ըստ հայտարարագրի, նա 380 հազար դրամով ինչ-որ գույք է օտարել: Իսկ թե որտեղից է այդքան փող դիզել, անհայտ է մնում: Նա մշտապես աշխատել է բացառապես պետական հիմնարկում` Ազգային ժողովում, որտեղ այդքան էլ բարձր աշխատավարձ չեն ստանում:





























