Թուրքիայի կողմից հայերի հետ 100 տարի առաջ կատարվածի ժխտումը մեծ խոչընդոտ է երկխոսության ճանապարհին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Բելգիայի Լուվենի քրեագիտության ինստիտուտի պրոֆեսոր Ստեֆան Պարմանտիեն:
Մյուս կողմից, ըստ նրա, կարեւոր է հասկանալ, թե թուրքական կողմն ինչու է ժխտում Հայոց ցեղասպանության փաստը: «Առանցքայինը, որ անհրաժեշտ է անել, երկխոսություն հաստատելն է: Մարդիկ, ինստիտուտները, կառավարությունը պետք է պահանջեն խոսել միմյանց հետ, որպեսզի ընդհանուր ըմբռնման բանաձեւ ստեղծել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել անցյալում: Նրանք միմյանց հետ անմիջականորեն խոսելու կարիք ունեն»,- ընդգծեց Պարմանտիեն:
Ըստ բելգիացի պրոֆեսորի, Հայոց ցեղասպանության դեպքում գոյություն ունի երկու տարբեր պետություն՝ Հայաստան եւ Թուրքիա, որոնք բացարձակ տարբեր երկրներ են: «Բայց այդպես էր նաեւ նախկին Հարավսլավիայի պարագայում, որտեղ բացարձակապես տարբեր պետությունները փորձում էին երկխոսության երկու հետաքրքիր ձեւաչափ ստեղծել: Առաջինը ճշմարտության տարածաշրջանային հանձնաժողովն էր, որում ներառված էին Բոսնիան, Խորվաթիան եւ Սերբիան: Գաղափարն այն էր, որ նրանք պետք է փորձեին անցյալի առնչությամբ ընդհանուր տեսլական ստեղծել»,- ասաց Ստեֆան Պարմանիեն: Հաջորդը, որը փորձեցին անել Բալկաններում, զոհերի խումբ ստեղծելն էր, բայց զոհեր՝ լայն առումով:
«Օրինակ՝ վետերաններ: Մարդիկ, որոնք մասնակցել են ռազմական գործողություններին, նույնպես զոհեր են, քանի որ նրանց մի մասը գերեվարվել է, պահվել համակենտրոնացման ճամբարներում: Մարդկանց այդ խմբերի շնորհիվ կարող էին խոսվել միմյանց հետ»,- հավելեց մասնագետը:




























