Հայաստանի Քննչական կոմիտեն ռուսական կողմից դեռեւս որեւէ նյութ չի ստացել Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տրուզյանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ժամանակ հայտարարվել էր քրեական գործը սպանության մասով փոխանցել հայկական կողմին:
Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 12-ի վաղ առավոտյան հանցագործը Գյումրիում գնդակահարել էր Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին: Հանցագործությունը կատարելու մեջ մեղադրվում է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը: Ավետիսյանների ընտանիքի ամենափոքրիկ անդամին՝ Սերյոժային, հանցագործը դանակահարել էր: 7 օր շարունակ բժիշկները պայքարում էին 6 ամսական փոքրիկի կյանքի համար, սակայն հունվարի 19-ին նա վախճանվեց:
Երկու քրեական գործ է հարուցվել. ռուսական կողմը գործ է հարուցել «դասալքություն» եւ «սպանություն» հոդվածներով: Սպանության գործ է հարուցվել նաեւ Հայաստանի Քննչական կոմիտեում:





























