2014թ. հուլիսի 31-ին ադրբեջանա-արցախյան շփման գծում հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունը կանխելիս զոհված շարքային Ազատ Ասոյանի մայրը օրերս որդի է ունեցել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ազատի եղբայրը՝ Սարո Ասոյանը։
Սարո Ասոյանը նշեց, որ փոքրիկը ծնվել է հուլիսի 7-ին։ Նրան Նարեկ են անվանել։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության՝ հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ էր շպրտվել ելման դիրքեր: Գործողության հետեւանքով զոհվել էին ՊԲ զինծառայողներ, 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը եւ Ազատ Արթուրի Ասոյանը:
Հիշեցնենք, որ Ազատ Ասոյանը Երեւանից էր, տան ավագ որդին էր, ուներ կրտսեր եղբայր: Մինչեւ բանակ զորակոչվելը ընդունվել էր ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ: Ազատ Ասոյանը մարզիկ էր, ուներ բազմաթիվ մեդալներ:
Նշենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով Ազատ Ասոյանը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության եւ նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը ազնվիրաբար կատարելու համար հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:




























