Հովիկ Մխիթարյանը բանակ է զորակոչվել 2013թ. ամռանը. սոցիալական ծանր պայմաններում բնակվող ընտանիքը համոզված էր՝ Հովիկը ծառայությունն ավարտելուց հետո աշխատելու է եւ խնամի հիվանդ մորն ու եղբորը: Սակայն ամիսներ անց զորավարժության ընթացքում ստացած վնասվածքը ճակատագրական եղավ 18-ամյա երիտասարդի համար:
«Զորավարժության ժամանակ Հովիկս կոտրեց ոտքը եւ երկար ժամանակ բուժվեց հոսպիտալում: Հետո դուրս գրվեց, եկավ տուն, բայց վիճակը չէր կարգավորվում. անընդհատ թուլություն, սրտխառնոց, գլխացավեր: Նորից դիմեցինք հոսպիտալ եւ որդուս մոտ ախտորոշվեց հիդրոցեֆալիա հիվանդությունը»,- պատմեց Հովիկի մայրը՝ տիկին Պերճուհին:
Տիկին Պերճուհու խոսքերով՝ սկզբնական շրջանում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում չէին հավատում ախտորոշմանը. կրկնակի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայից (ՄՌՏ) եւ համակարգչային տոմոգրաֆիայից (ՀՏ) հետո միայն որոշում կայացվեց Հովիկին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
Հովիկն այսօր տանն է, ի վիճակի չէ աշխատել եւ օգնել սոցիալական ծանր պայմաններում բնակվող մորն ու եղբորը: Ընտանիքի ամսական ամբողջ եկամուտը Հովիկի եղբոր հիվանդության թոշակն է՝ 23 հազար դրամ: Տիկին Պերճուհին եւ երկու որդիները բնակվում են Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում, որն անհատույց տրամադրել է բարեկամներից մեկը:
«Որդուս ամբողջ կյանքում խնամք է հարկավոր, իսկ ես դա անել չեմ կարող 23 հազար դրամ թոշակով: Այդ պատճառով էլ հենց հոսպիտալում խորհուրդ տվեցին դիմել սոցապնախարություն՝ հաշմանդամության կարգ ստանալու համար: Անցած տարվա դեկտեմբերին դիմեցի մեր տարածքային բաժին, հունվարին կանչեցին հետոզոտության եւ հայտարարեցին, թե կարգ չի հասնում իրեն»,- շարունակեց զինծառայողի մայրը:
Տիկին Պերճուհին համոզված է, որ որդուն հաշմանդամության կարգ հասնում է, սակայն բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը չի ցանկանում տրամադրել այն. «Ես չեմ խնդրում, չեմ պահանջում, ընդամենն ուզում եմ իմ հասանելիքը: Իսկ հանձնաժողովը կարգին էլ չնայեց որդուս. նրան պիտի նյարդավիրաբույժը զններ, ոչ թե նյարդաբանն ու վնասվածքաբանը»:
Ընտանիքի բողոքի հիման վրա բժշկասոցիալական փորձաքննության գործակալության վերափորձաքննության բաժինը փետրվարին նորից զննեց զինծառայողին, սակայն որոշումը չփոխեց: Թե որն է մերժման հիմքը, տիկին Պերճուհին չգիտի:
NEWS.am-ի թղթակցին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ԲՍՓ գործակալության վերափորձաքննության բաժնի առաձին գործառույթներ համակարգող Անուշ Սիմոնյանը մեկնաբանեց, թե ինչու Հովիկին հաշմանդամության կարգ չեն տրամադրել:
«Հովիկ Մխիթարյանի մոտ ախտորոշվել է հիվանդություն՝ ֆունկցիայի աննշան խանգարումով, ինչը նշանակում է, որ նրան կարգ տրամադրել չենք կարող: Հաշմանդամության կարգ են ստանում այն քաղաքացիները, որոնք ունեն ֆունկցիայի կայուն խանգարում»,- ասաց նա:
Զինծառայողի մայրը բազմիցս դիմել է նաեւ պաշտպանության նախարարությանը, քանի որ որդին հիվանդությունը ձեռք է բերել ծառայության ընթացքում: Նախարարությունից պատասխանել են, թե իրենք հաշմանդամության կարգ տրամադրելու հետ որեւէ առնչություն չունեն:
«Սեյրան Օհանյանի հետ էլ եմ հանդիպել, ինքը խոստացավ միջնորդել սոցապնախարարին, որ հարցը նորից քննվի»,- ասաց տիկին Պերճուհին:
Տիկին Պերճուհին եւ որդիները հույս ունեն, որ գոնե Պնախարարի միջնորդությունը կօգնի եւ Հովիկը վերջապես հաշմանդամության կարգ կստանա:





























