Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող մի խումբ քաղաքացիներ, որոնք ձեւավորել են «Ոտքի Հայաստան» շարժումը, ուրբաթ՝ հուլիսի 17-ին հավաք է հրավիրում Ազատության հրապարակում: Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում նշեց շարժման համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը, հավաքի ընթացքում մարդկանց կիրազեկեն իրենց պայքարի նոր փուլերի մասիին:

«Առաջին փուլը սկսված է, մենք մարդկանց կիրազեկենք մեր պայքարի մասին:  Մարդաշատությունը կարեւոր է, բայց առաջնային չէ: Սկսում ենք պրոցես, կարծում ենք՝ մարդիկ միանալու են մեր մարտավարությանը: Առաջին՝ իրազեկելու փուլը կավարտենք, երբ համոզված լինենք, որ բոլոր ընտանիքները ստացել են թռուցիկներ»,- ասաց Դավիթ Սանասարյանը՝ նշելով, որ դրանից հետո կանցնեն պայքարի երկրորդ փուլին ու մարդկանց կիարզեկեն, թե երբ ու ինչպես են փորձում պարալիզացնել խոշոր քաղաքների գլխավոր փողոցները:

Հիշեցնենք, որ նախաձեռնությունն այսօր՝ հուլիսի 15-ին, էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը չեղարկելու պահանջով, ՀՀ նախագահին ուղղված նամակ հանձնեց  Հանրապետական կուսակցության գրասենյակ: Նրանք մինչեւ օգոստոսի 1-ը ժամանակ տվեցին՝ որոշումը չեղարկելու համար:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում որոշվեց էլեկտրաէներգիան թանկացնել 6.93 դրամով: Քաղաքացիները երկու օր անց նստացույց սկսեցին Ազատության հրապարակում, այնուհետեւ փակեցի Բաղրամյան պողոտան: Հունիսի 27–ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀԷՑ–ում միջազգային աուդիտ կանցկացվի՝   ստուգելու էլեկտրաէներգիայի թանկացման հայտի հիմնավորվածությունը, իսկ մինչեւ դրա ավարտը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը` վճարելով 6,93 դրամը։