Երկվորյակ որդիներին բանակ ճանապարհող տիկին Ռուզաննան շատ է ցանկանում, որ որդիները ծառայեն իրենց ավագ եղբոր մոտ՝ Սյունիքի մարզի զորամասերից մեկում:

Հուլիսի 16-ին հանրապետական կենտրոնական հավաքակայանում տիկին Ռուզաննան ՊՆախարարից խնդրեց միջնորդել, որ 3 որդիներն էլ ծառայեն միեւնույն զորամասում:

«Չեմ ցանկանում ինքս միջնորդել, սակայն նախարարության աշխատակիցնեը կզբաղվեն, եթե հնարավոր լինի, օրենքով թույլատրվի, ապա միասին երեքով կծառայեն»,- ասաց նախարարը:

Քիչ անց, սակայն, պարզ դարձավ, որ տիկին Ռուզաննայի ավագ որդին պայմանագրային զինծառայող է:

«Նախարարությունից ինձ հայտնեցին, որ զույգ որդիներս չեն կարող ծառայել ավագ որդուս մոտ, որովհետեւ նա սպա է, իսկ օրենքը դա չի թույլատրում»,- NEWS.am-ի թղթակցին ասաց տիկին Ռուզաննան՝ նշելով, որ ամեն դեպքում մեծ ուրախությամբ է որդիներին բանակ ուղարկում:

Նշենք, որ հուլիսի 1-ից սկսվել է ամառային զորակոչը, որը կավարտվի հուլիսի 31-ին: Հուլիսի 16-ին հավաքակայան էր այցելել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը հանդիպել էր զորակոչիկներին եւ նրանց ծնողներին: