Նոր սահմանադրության նախագիծը երկրի անվտանգության հետ կապված մտահոգություններ չի առաջացնում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով առաջարկվող փոփոխությանը, որով երկրի նախագահն այլեւս երկրի գլխավոր գերագույն հրամանատարը չէ։

«Իմ առաջին տպավորությամբ անվտանգության մասով մտահոգվելու առիթ չկա»,– ասաց Շարմազանովը`այնուամենայնիվ, չանդրադառնալով այս հարցում նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշմանը։

Անդրադառնալով նախագահի լիազորությունների սահմանափակմանն ու վարչապետին ու Ազգային ժողովի նախագահի լիազորությունների ընդլայնմանը` Շարմազանովն ասաց, որ դա բնական է խորհրդարանական կառավարման համակարգում, որին նոր սահմանադրությամբ անցնելու է Հայաստանի Հանրապետությունը։

«Դրանով ընդամնեը ավելի արդյունավետ կառավարման, անցնցում կառավարման հնարավորություն է ընձեռվում»,– ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը։