2015 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի ավագ քննիչ Էդիկ Կ.-ն եւ նույն բաժնի քննիչ Գագիկ Ա.-ն, փողոցում նկատել են միմյանց հետ վիճաբանող շուրջ 25-30 անձի: Մոտենալով վերջիններիս՝ ներկայացել են որպես քննիչներ եւ պահանջել դադարեցնել վիճաբանությունը, սակայն վիճաբանող անձինք` քաղաքացի Վարուժան Մ.-ն եւ նրա տղաները, այլ անձինք ցավագին ընդունելով իշխանության ներկայացուցիչների պահանջները, հարձակվել են քննիչների վրա ու ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում Վարուժան Մ.-ի կինը հայտնել է, որ հիշյալ դեպքին միջամտած քննիչները իր ամուսնու եւ որդիների նկատմամբ կիրառել են բռնություն եւ պատճառել մարմնական վնասվածքներ:

Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է: