Աղվերանում հուլիսի 16-ին շարունակվել է Եվրոպայի խորհրդի Հայաստանի գրասենյակի նախաձեռնությամբ հրավիրված «Տեղական ժողովրդավարություն. Քաղաքացիների մասնակցության խթանումը Հայաստանում» համաժողովը: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ  Վաչե Տերտերյանը ողջունելով ներկաներին նշեց, որ օրենսդրությամբ քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը երաշխավորված է, սակայն պետք է ակտիվացնել այդ իրավական կարգավորումները, ինչից միայն ՏԻՄ-ը կշահի: «Համայնքների ղեկավարները պետք է կարողանան ընկալել, որ ակտիվ ժողովրդավարության համար ակտիվ քաղաքացիական դիրքորոշում է պետք: Սա մեր բոլորի նպատակը պետք է լինի եւ հատկապես ձեր, որովհետեւ միայն այս դեպքում է, որ ձեր իշխանությունը շանս կունենա արդյունավետ լինելու»,- հայտնեց փոխնախարարը:

Պրն Տրտերյանի խոսքով` ամեն ինչ պետք է անել, որ բնակչության մասնակցությունը խթանող միջոցառումները գործնական լինեն: «Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ մենք դրա կարիքն իսկապես ունենք եւ բնակչությունը չպետք է կտրված լինի տեղական իշխանությունից: Շատ դեպքերում թվացյալ խաղաղության տակ բոլորովին այլ տրամադրություններ են բնակչության մոտ, խնդիրները լուծելու միակ ճանապարհը բնակչության ակտիվ մասնակցությունն է, որը մենք պետք է խթանենք»,- ավելացրեց ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ  Վաչե Տերտերյանը:

ԵԽ Հայաստանի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան իր ողջույնի խոսում նշեց, որ Հայաստանը տեղական իշխանությանը մասնակցելու իրավունքի մասին Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի (ՏԻԵԽ) լրացուցիչ արձանագրությունն ստորագրած առաջին երկրներից է, եւ կարճ ժամանակ անց այն դարձել է ներպետական օրենսդրության մաս: «Եվրախորհուրդը մեծ ուշադրություն է դարձնում մի կողմից` իրավական դաշտի կարգավորմանը, մյուս կողմից` համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ տեղական ժողովրդավարությունն իրականություն դարձնելու համար»,- հայտնեց տկն Վուտովան: Նա արգասաբեր քննարկում մաղթեց համաժողովի մասնակիցներին` վստահեցնելով, որ այն կնպաստի քաղաքացիների մասնակցության խթանմանը: 

Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Ջուլիանա Հոջան  իր ելույթն սկսեց Հայաստանում կատարված ուսումնասիրությունների պատկերը ներկայացնելով:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում քաղաքացիների մասնակցության մեծ ավանդույթ չկա եւ հաճախ չի խրախուսվում: Կոնգրեսը Հայաստանի իշխանություններին առաջարկել էր գործիքներ կիրառել քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարման մեջ խթանելու համար:

ՏԻԵԽ-ի 2009թ․-ին ընդունած լրացուցիչ արձանագրությունը Հայաստանն ստորագրել է 2010թ․-ի մարտի 18-ին եւ վավերացրել է 2013թ․ մայիսի 13-ին: Ըստ այդմ լրացվել է ներպետական օրենսդրությունը` «Տեղական ինքնակառավարման մասին», «Քաղաքաշինության մասին» եւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքները լրացվել են մի շարք հոդվածներով:

«Հայաստանի իշխանությունը մեծ կամք ունի քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարամանը խթանելու հարցում, որպեսզի բարձրանա քաղաքացիների վստահությունը տեղական իշխանության նկատմամբ»,- վստահեցրեց կոնգրեսի փոխնախագահը: Նա նշեց, որ համաժողովը նպատակ ունի օգնել համայնքներին` նշված դրույթները կիրառելու հարցում:

Համաժողովի երկու օրերի ընթացքում` հուլիսի 14-ին Եղեգնաձորում (Սյունիք, Վայոց ձոր, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք) եւ 16-ին` Աղվերանում (մասնակից մարզեր` Արագածոտն, Կոտայք, Շիրակ, Լոռի, Տավուշ) համայնքների մոտ 200 ներկայացուցիչներ` համայնքի ղեկավար եւ ավագանու անդամ, տեղական իշխանությունների ասոցիացիաներ, միջազգային եւ տեղական փորձագետներ համատեղ քննարկեցին մասնակցային կառավարման լավագույն փորձն ու գործիքները, կառավարման կարեւորությունն ու արդյունավետությունը, մասնակցության խթանման մակարդակները:

Համաժողովում քննարկված առաջարկների հիման վրա կմշակվի «Քաղաքացիների մասնակցության ուղեցույց», որը կտրամադրվի Հայաստանի բոլոր համայնքներին` կիրառելու համար: