ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հերթական անգամ հանդես է եկել Արցախի հիմնախնդրի լուծման կողմնակալ հայտարարությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Նա լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, թե հայկական կողմը պետք է «ազատի Ադրբեջանի օկուպացված տարածքները»: Այս կապակցությամբ մենք ՝ հայ երիտասարդներս, հայտարարում ենք.
1. Արցախում չկա ոչ մի թիզ օկուպացված հող: Ավելին, Ադրբեջանն է, որ օկուպացրել է հայկական Շահումյանի, Գետաշենի, Մարտունաշենի, Արծվաշենի շրջանները:
2. Ամերիկացի համանախագահի հայտարարությունը միակողմանի է, որում ներառված չէ Արցախի հիմնախնդրի խաղաղ լուծման հիմնական իրավունքը՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն իբրեւ անկախ եւ սուվերեն պետություն:
3. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ըստ պատշաճի չեն արձագանքում այն ժամանակ, երբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ամեն օր խախտվում է հրադադարի ռեժիմը, որի հետեւանքով զոհվում են թե՛ զինվորականներ, թե՛ խաղաղ բնակչություն:
4. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքը հանդես չեկավ որեւիցե դատապարտող հայտարարությամբ, երբ Արցախի պետական տարածքում ադրբեջանցի դիվերսանտները գազանաբար սպանեցին 17-ամյա խաղաղ բնակիչ Սմբատ Ցականյանին, ՀՀ ԶՈՒ սպայի եւ ծանր վիրավորեցին անզեն կնոջը:
5. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքը չդատապարտեց այն փաստը, երբ Ադրբեջանում դաժանաբար սպանվեց խաղաղ բնակիչ, պատահաբար այդ երկրի տարածքում հայտնված Կարեն Պետրոսյանը:
6. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքը եւ ԵԱՀԿ Մինսկի խումբն ընդհանրապես, համարժեք գնահատական չտվեցին Ադրբեջանի կողմից Արցախի ԶՈՒ ուղղաթիռը խոցելուն, որը զինադադարի կոպտագույն խախտում էր:
Ելնելով վերոնշյալից՝ կրկին մեկ անգամ արձանագրում ենք, Արցախում օկուպացված տարածքներ չկան, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի հայտարարությունը հեռու է կշռադատված եւ օբյեկտիվ լինելուց:




























