«Հայազն» կուսակցությունը կտրականապես մերժում է Սերժ Սարգսյանի նախապատրաստած սահմանադրական փոփոխությունը, որի ակնհայտ եւ միակ նպատակն է գործող վարչակարգի կողմից յուրացված իշխանության մշտական վերարտադրությունը:
«Հայազն» կուսակցության վարչության հայտարարության մեջ ասվում է. «Մերժում ենք նաեւ պարտադրված ընտրությունը գործող սահմանադրության եւ առաջարկվող փոփոխությունների միջեւ եւ հանդես ենք գալիս Հայաստանի սահմանադրության արմատական փոփոխության օգտին: Ներկայացված նախագծի բովանդակությունը, սակայն, ոչ մի աղերս չունի ազգային պետության կերտման սկզբունքների հետ:
Մերժելի է նաեւ սահմանադրության ընդունման կարգը: Օրինական կլինի միայն այն սահմանադրությունը, որը կծնվի սահմանադիր ժողովում` տեւական հրապարակային քննարկումների եւ դրանց շնորհիվ ձեւավորված ազգային ամենալայն համաձայնության արդյունքում։ «Հայազնը» միշտ պատրաստ է սահմանադիր ժողովի եւ հայ հանրության քննությանը ներկայացնել ազգային սահմանադրության իր տարբերակը, սակայն որեւէ իմաստ չի տեսնում Սերժ Սարգսյանին կամ նրա հանձնաժողովին դրանք ներկայացնելու մեջ։
Մենք վստահ ենք, որ Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ է այս նախագծին, թեկուզ միայն այն պատճառով, որ այն առաջ են մղում տարիներ շարունակ իշխանությունը յուրացրած, երկիրը թալանած ու մեր ինքնիշխանությունը վաճառած անձը եւ կուսակցությունը: Հնարավոր է, որ սպասվող հանրաքվեն վերաճի իշխող վարչախմբին եւ անձամբ Սերժ Սարգսյանին անվստահության համազգային ակտի: Ուստի «Հայազնը» պատրաստ է պաշտպանել ժողովրդական կամարտահայտության արդյունքները եւ կոչ է անում ՀՀ քաղաքացիներին եւ բոլոր առողջ ուժերին համագործակցել այս գործում եւ ձեւավորել հանրաքվեի ընթացքը վերահսկող ազգային համակարգ:
Վստահ ենք, որ Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի իշխանության շուտափույթ տապալումը անխուսափելի է հանրաքվեի ցանկացած արդյունքի եւ քաղաքական համակարգի ցանկացած մոդելի պայմաններում:




























