Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության  գործով դատաքննությունը շարունակվում է, հասել են վկաների հարցաքննության փուլին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Թամարա Յայլոյանը:

Նա նշեց, որ իրենք միջնորդել էին հետազոտել փաստաթղթերը, քանի որ մեղադրանքը հիմնված է դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր փորձաքննության վրա: Տուժող կողմը համաձայն չէ Արման Կատունյանին առաջադրված մեղադրանքի վերաորակման հետ, նրանք կարծում են, որ մեղադրանքը պետք է լինի ՔՕ-ի 104-րդ՝ սպանության հոդվածով, ոչ թե 105-րդ՝ հոդվածով՝ հոգեկան անհավասարկշիռ վիճակում սպանություն: «Մենք համաձայն չենք արարքի վերաորակման հետ, միջնորդել ենք կրկնակի դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել, դատարանը գտավ, որ հիմա չպետք է քննարկի այդ հարցը: Մեր այս միջնորդությունը հիմնված է մանսագետների կարծիքի վրա, հուսով ենք՝ դատարանը այն կբավարարի ու կուղարկի կրկնակի դատահոգեբանական փորձաքննության»,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ մարտի վերջին ստացվել է փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ ՊՆ Շիրակի մարզի Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանը դեպքի պահին եղել է հոգեբանական աֆեկտի վիճակում: Եզրակացությունից հետո նրան առաջադրված մեղադրանքը փոխվել է եւ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով (Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը) եւ 235-րդ հոդվածով (Ապօրինի կերպով զենք կրելը)։

Հիշեցնենք, որ մինչեւ այդ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին եւ 235 հոդվածի 1-ին մասերով (ապօրինաբար, դիտավորությամբ մեկ ուրիշին կյանքից զրկելը եւ ապօրինի զենք կրելը):

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզում hուլիսի 24-ին ժամը 16:00-ի սահմանում, Գետք համայնքի չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում գտել են Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային տարբեր վնասվածքով: Կասկածյալը` Արման Կատունյանը, ոստիկանություն էր ներկայացել ինքնակամ եւ խոստովանել մեղքը։ Ըստ մեղադրական եզրակացության` սպանության պատճառը խանդն է եղել։