Գյումրիում սպանված Ավետիսյանների գործի փոխանցման մասին փաստաբաններին պաշտոնապես որեւէ բան չեն հայտնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը:
Նա նշեց, որ առաջիկա օրերին սպասում են գործին, քանի որ արդեն բավական ժամանակ է անցել փոխանցման մասին հայտարարությունից: Փաստաբանը նշեց, որ գործի ստանալուց հետո իրենց անպայման տեղյակ կպահեն, քանի որ մի շարք փորձաքննություններ կան, որոնց պետք է ծանոթանան:
Ինչ վերաբերում է Պերմյակովի գործի քննությամբ բարձրաստիճան ռուս զինվորականին ավելի քան 450 մլն ռուբլու պարենամթերք հափշտակելու համար մեղադրանք առաջադրելուն եւ կալանավորելուն, փաստաբանն ասաց, որ դրանից տեղյակ չէ, քանի որ դա եղել է ռուսական կողմի իրականացրած քննության ընթացքում:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին: Փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը բողոքի ակցիայի ճնշման ներքո միջնորդությամբ դիմել էր ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության դեպքով հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահներին փոխանցելու հարցով:




























