Հուլիսի 18-ին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: Նախարարի առաջին կանգառն Արաքսի համայնքի միջնակարգ դպրոցն էր, որտեղ նա հանդիպեց գյուղի ավագանու անդամների, ուսուցչական կազմի եւ բնակիչների հետ: Արաքսի միջնակարգ դպրոցը կառուցվել է 1956թ.-ին, այն պարբերաբար ենթարկվել է վերանորոգումների, մինչդեռ այսօր էլ ունի մի շարք խնդիրներ: Նախարար Երիցյանը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եւ համայնքապետ Ռուբիկ Կարապետյանի ուղեկցությամբ շրջեց դասասենյակներով, ծանոթացավ դպրոցի եւ դասարանների պայմաններին ու հնարավորություններին: Ռ. Կարապետյանը նախարարին տեղեկացրեց, որ կրթօջախի թիվ մեկ խնդիրը լոկալ ջեռուցման բացակայությունն է: Դպրոցն ընդգրկված է մարզի հրատապ խնդիրների լուծման 6-րդ ծրագրում, որի շրջանակներում նախատեսվում է դպրոցի ջեռուցման համակարգի կառուցումը: Նշենք, որ 6-րդ ծրագրի մեկնարկը կտրվի մինչեւ սույն թվականի աշուն:

«Թեեւ մեր առաջնահերթությունում սահամանամերձ գյուղերն են, այնուհանդերձ մենք մեծ ուշարդրություն ենք դարձնում բոլոր համայնքներին: Նախատեսվող ծրագրի շրջանակներում կլուծվի դպորցի ջեռուցման հարցը, ինչը, համոզված եմ, կնպաստի կրթական մակարդակի բարձրացմանը: Ամեն ինչ պետք է անենք, որ մեր բալիկները սովորեն հարմարավետ դպրոցներում»,- նշեց ՏԿԱԻ նախարարը:

Նախարարն այցելեց նաեւ Արմավիրի Հուշակերտ համայնք եւ ծանոթացավ համայնքային կենտրոնի եւ մշակույթի տան շենքի պայմաններին: 2009 թ.-ին ծագած հրդեհի հետեւանքով դադարեցվել է համայնքային կենտրոնի երկրորդ հարկի շահագործումը: Մարզի հրատապ խնդիների լուծման 6-րդ ծրագրի համաձայն՝ կիրականացվեն շենքի վարչական մասի վերանորոգման աշխատանքներ: Համայնքապետ Ս. Մխթարյանը նախարարին տեղեկացրեց, որ գյուղը նաեւ մանկապարտեզի կարիք ունի:

Աշխատանքային այցի շրջանակներում Ա. Երիցյանը հանդիպեց նաեւ ՀՀ խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանին եւ ծանոթացավ նրա կողմից մշակվող 30 հեկտար հողատարածքին, որից 26 հա խաղողի ցանքատարածություն է:

Նախարար Երիցյանը եղավ նաեւ Արմավիր Բժշկական Կենտրոնում: Նա շրջեց եւ ծանոթացավ ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի պայմաններին: Մոտ ապագայում հրատապ ծրագրով կվերանորոգվի ինֆեկցիոն բաժանմունքի շինությունը, իսկ բաժանմունքը կտեղափոխվի Մեծամորի բժշկական կենտրոն:

Ա. Երիցյանի վերջին կանգառը Զարթոնք համայնքն էր, որի միջնակարգ դպրոցում նախարարը հանդիպեց համայնքի բնակիչներին եւ տեղեկացավ գյուղի հիմնական խնդիրներին: Զարթոնքի միջնակարգ դպրոցը կառուցվել է 1985 թ.-ին, իսկ տասը տարի առաջ մասամբ վերանորոգվել է: Այս դպրոցի լոկալ ջեռուցման համակարգի կառուցումը եւս ընդգրկված է մարզի հրատապ խնդիրների լուծման 6-րդ ծրագրում: