Դերասանուհի Անի Երանյանի հետ վթարի ենթարկված հնչյունային ռեժիսոր Հայկ Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը:

Նա նշեց, որ Հայկ Մխիթարյանը ստացել է գանգուղեղային վնասվածք,  կրծքավանդակի սալջարդ, միացված է արհեստական շնչառության ապարատին, գիտակցությունը թեթեւակի է առկա:

Ինչ վերաբերում է Անի Երանյանին, նա գտնվում է Նեյրովիրաբուժության բաժանմունքում, վիճակը լավ է, վնասվածքները դեմքի շրջանում էին, հավանաբար մի քանի օրից դերասանուհին դուրս կգրվի:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ դերասանուհին, հնչյունային ռեժիսորի եւ դիմահարդար՝ Իզաբելա Դանիելյանի հետ վերադառնում էր Սեւանից՝ հանգստից, երբ բախվել է դեպի Դիլիջան ընթացող դատավորի մեքենային:

NEWS.am-ի տեղեկություններով՝ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, առայժմ գործ չի հարուցվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դերասանուհի Անի Երանյանը հուլիսի 18-ին, իր վարած «Հունդայի» մակնիշի մեքենայով վթարի է ենթարկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին: Դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել էր Սեւանի բժշկական կենտրոն: Հիվանդանոց էր տեղափոխվել նաեւ նրա մեքենայի ուղեւոր Հայկ Մխիթարյանը, Իզաբելա Դանիելյանը:

Ավտովթարի հետեւանքով տուժել էր նաեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Գագիկ Պողոսյանը, նրա կինը՝ Մարինե Կարապետյանը, նրանք դիմել էին հիվանդանոց, սակայն որեւէ լուրջ վնասվածք չէր հայտնաբերվել: