ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 13-ին այցելել է Մարտունու շրջանի Զարդանաշեն գյուղ եւ հանդիպել համայնքի ներկայացուցիչների հետ:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է գյուղի զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հատուկ ուշադրություն է դարձվել զբաղվածության, ոռոգման ցանցի զարգացման եւ ճանապարհների բարեկարգման հիմնախնդիրներին:

Երկրի ղեկավարը նշել է, որ գյուղի զարգացումը հանդիսանում է ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն, որից մեծապես կախված է հանրապետության սոցիալ-տնտեսական կայուն զարգացումը:

Այս համատեքստում Բակո Սահակյանը կարեւորել է տեղում ցուցաբերվող նախաձեռնողականությունը՝ նշելով, որ դրա բացակայությունը ցանկացած ծրագրի իրականացման գործում հանդիսանում է ամենամեծ խոչընդոտներից մեկը:

Նախագահին ուղեկցել է գրող-հրապարակախոս, Արցախի հերոս Զորի Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: