ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում դատապարտյալի կողմից թմրամիջոցներ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ դատապարտյալը ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում օժանդակողների միջոցով խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել ինչպես «Հրազդան», այնպես էլ՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող մի քանի դատապարտյալի։

Քննությամբ պարզվել են իրացման մեխանիզմը, իրացմանը եւ ձեռքբերմանն օժանդակողների ինքնությունը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (2 դրվագ): Նրա մասով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Եվս 5 մեղադրյալի մասով քրեական գործը դատարան է ուղարկվել ավելի վաղ։ Իսկ թմրամիջոցների իրացմանը դատապարտյալին օժանդակողի մասով դրվագն անջատվել է առանձին վարույթ, եւ նախաքննությունը շարունակվում է։